Մեզ ասում էին, որ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթին չենք կարող նույնիսկ դիտորդ լինել, սակայն այսօր պարզվեց՝ «Իմ քայլ»-ի ավագանու անդամներից երկուսը հանձնաժողովի անդամ են. Անի Խաչատրյան
Մի քանի օր առաջ զանգահարեցի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի հասկանամ երբ է անցկացվելու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը, որ ժամին և որտեղ, սակայն պատասխանեցին, որ մենք մրցույթին ներկա լինել չենք կարող: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Մենք այսօր մասնակցել ենք մրցույթին, առաջին փուլն ավարտվել է, երկրորդ փուլը 50 րոպեից կսկսվի: Սակայն մեզ համար անակնկալ էր, երբ եկանք, տեսանք, որ հանձնաժողովի կազմում երկուսը «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներն էին՝ քաղաքապետի որոշմամբ: Մեզ նախորդ օրն ասել էին, որ հանձնաժողովը պետք է որոշի՝ մենք կարո՞ղ ենք մասնակցել որպես դիտորդ, թե՞ ոչ, բայց այնինչ, իշխող ուժից երկուսը անդամ հանձնաժողովի անդամ են: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մի ուժի ավագանու անդամը որոշի, թե մյուս խմբակցությունը կարո՞ղ է մրցույթին ներկա լինել, թե ոչ: Չի կարող այդպես լինել»,-ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ «Լույս» խմբակցությունից այս պահին բոլորը մրցույթում որպես դիտորդ են: Նա նաև նշեց, որ իրենց համար անակնկալ էր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի այն որոշումը, թե ավագանու անդամը նույնիսկ կարող է հանձնաժողովի կազմում լինել: «Մեզ ասում էին՝ նույնիսկ որպես դիտորդ չեք կարող մասնակցել: Իսկ այսօր քաղաքապետը հանձնաժողովի անդամ է ընտրել միայն իշխող խմբակցության անդամներին, ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ «Լույս»-ից անդամներ չկան»:
Ավագանու անդամն ասաց, որ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը մրցույթին չի մասնակցում, մասնակցում էին 6 տղամարդ, որոնցից 3-ն անցան երկրորդ փուլ: «Առաջին փուլը մի քիչ հարաբերական է, ոչինչ չենք կարող ասել, երկորդ փուլը կարևոր է, լսելու ենք մասնակիցների պատասխանները»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել: Վերջինիս խոսքով՝ Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրի: Ըստ նրա՝ խնդիրն անձնական ենթատեքստ ունի:










