Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)

13:54 • 27.04.20

Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար կառավարության սահմանած կարանտինային ռեժիմը, կիրակի արգելափակել են մի շարք փողոցներ՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից, հայտնում է The Guardian պարբերականը։

Հայտնի է, որ ցույցին անմիջապես միջամտել է ոստիկանությունը՝ վերաբացելով մայրուղիները, որոնք արգելափակելու համար ցուցարարները անիվներ են այրել։

Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքացիների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել: Բեյրութի հյուսիսարևելյան հատվածում բախումների հետևանքով վեց մարդ է վիրավորվել։

Լիբանանում 1975-1990թթ. քաղացիական պատերազմից ի վեր խոշորագույն տնտեսական ճգնաժամն էլ ավելի է խորացրել կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարված կարանտինային ռեժիմը։ Պաշտոնական գնահատականներով՝ երկրում բնակչության աղքատության մակարդակը հասել է 45 տոկոսի։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ մինչև 2020 թվականի վերջ կանխատեսվում է երկրի տնտեսության առնվազն 12% անկում։