Ես էլի իմ լվացքը կարող եմ ձեռքով անել, իսկ եթե լույս չեղավ, ինչպե՞ս եմ հաց թխելու, երեխաներս ինչպե՞ս են հեռավար դաս անցկացնելու. բնակիչը՝ Հովիկ Աղազարյանի հայտարարությունների մասին
Ես ապրել եմ 1992 թվին, անցել եմ այդ ճանապարհով, իմ լվացքն էլի ձեռքով կանեմ, բայց ինչպե՞ս է պատգամավորը մտածում, երեխաները, երբ հեռավար են դասերն անում, լույս չլինի, ինչպե՞ս են անցկացնելու այդ դասերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Չարենցավանի բնակիչ Աննա Աղասյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, քանի որ ծանր իրավիճակում ենք հայտնվել, կարող են ձեռքով լվացք անել:
«Լույս չլինի, էլի կարող եմ լվացքս ձեռքով անել, բա հաց ինչպե՞ս թխեմ: Հաց գնելու համար ինձ օրական 1000 դրամ է պետք, եթե չթխեմ, որտեղի՞ց գտնեմ այդ 1000 դրամը: Ունեմ երեք անչափահաս երեխա, տղաներս մեկը 17 տարեկան է, մյուս տարի կգնա բանակ, մյուսը՝ 15 տարեկան է, երկու տարուց գալու են, ասեն՝ մեր զինվորն է, տանում ենք: Ինքս ունեմ առողջական խնդիրներ, մինչև հիմա ոչ մի տեղից գումար չեմ ուզել, ապրել եմ ինչքանով հնարավոր է, բայց ես ամառները դաշտում աշխատում եմ, բերում եմ, իմ երեխեքին պահում եմ, ձմեռներն էլ պարտքով եմ խանութներից ապրանք գնում, հիմա դա էլ չեն տալիս, հնարավորություն չունեն»,- պատմեց Աննա Աղասյանը:
Նա նշեց՝ վարչապետն ասում է՝ ի՞նչ անենք, չենք կարող այլ կերպ վարվել կոմունալների հետ կապված, իսկ ի՞նչ է մտածում՝ 200 հազար ընտանիքի լույս անջատի, հետագայում այդ 200 հազարից գումար չի վերցնելու, որովհետև չեն օգտագործել, իսկ դրանով էլեկտրոցանցը չի՞ սնանկանանալու: «Միայն մեկ ուղղությամբ են մտածում, մենք գումար չենք ուզում, մենք ուզում ենք ընդամենը չանջատեն լույսը, ողորմություն չենք խնդրում: Շատ վատ վիճակում եմ ապրում, նպաստառու ընտանիք եմ, նպաստը ստանում եմ տալիս եմ տան վարձը, ամուսինս Ռուսաստանում է աշխատում, հիմա էնտեղ էլ աշխատանք չկա, էնտեղ նստած է, իրենց էլ նստեցրել, ասել են՝ սպասեք, կարանտին է»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ կոմունալները չի վճարել, քանի որ չի կարողացել: «Ամուսինս կոմունալների գումարն ուղարկում էր, բայց էս անգամ չի ուղարկել, չեն աշխատում, ես էլ դաշտերն աշխատում եմ, տան վարձն եմ տալիս, հիմա դաշտի աշխատանք չկա: Գնացել եմ պարտք եմ արել, գազի և հոսանքի մի մասը վճարել եմ, 16 հազար դրամ էլ դեռ ունեմ վճարելու: Հիմա սպասում եմ՝ կանջատեն, թե չեն անաջատի, էդ էլ թող իրենց խղճին մնա»,- եզրափակեց նա։










