Արման Աբովյանն առաջարկում է էլեկտրաէներգիայի, գազի սպառման բարձր շեմ սահմանել, որից ավել սպառելու և չվճարելու դեպքում միայն կարող են անջատումներ արվել (տեսանյութ)

16:37 • 28.04.20

Պետությունը այս պարագայում պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի իր քաղաքացիներին, ուրիշ տարբերակ չկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը և նշեց, որ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար Կառավարության՝ մինչև այժմ ձեռնարկած քայլերը հատվածական են, և մարդկանց սոցիալական խնդիրները չեն լուծվում:

Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք արդեն երկու ամիս չեն աշխատում, սակայն կոմունալ վճարումները չկատարելու համար անջատումներ են սպասվում, չնայած դրան նկատեց, որ՝ կան նաև ոչ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք ունեն հնարավորություն, բայց չեն մուծում: Պատգամավորն առաջարկեց ձևավորել բարձր շեմ, որից ավել սպառելու դեպքում միայն կարող են անջատումներ արվել: «Պարզ է, որ հասարակ մարդն իր տանը 150 հազար դրամի գազ չի վառի: Չի կարելի այս պարագայում գնալ քայլերի, որոնց ցավոք, այս պարագայում ականտես ենք լինում»,-ասաց նա:

Անդրադառնալով բյուջեի փոփոխությունների նախագծին՝ նա ասաց. «Դրանք հատվածային լուծումներ են: Եվ դա ցույց տվեց մեր այսօրվա քննարկումը, առկա իրողությունը: Դրանք շատ ցածր արդյունավետություն ունեին, մարդիկ այսօր կանգնած են շատ լուրջ խնդիրների առջև»:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: