Պահանջում եմ Ձեզնից, որ նույն բանը կրկնեք Ալեն Սիմոնյանի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին. Արփի Դավոյանը՝ Անի Սամսոնյանին (տեսանյութ)
Դուք որտեղի՞ց գիտեք, թե ում ոնց են ընդունում, ում մասին ինչ կարծիք ունեն և նախևառաջ լսեք Ձեր մասին կարծիքները և հետո նոր Ձեզ իրավունք վերապահեք մի մարդու մասին խոսել, ով դահլիճում չի գտնվում: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարությանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց իրենք ու ժողովուրդը լուրջ ընդունեն:
«Ես պահանջում եմ Ձեզնից, որ Դուք նույն բանը կրկնեք Ալեն Սիմոնյանի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին և ասեք, թե ումից եք լսել նման կարծիքներ»,- հայտարարեց Արփի Դավոյանը:
Նա նշեց, որ այսօր այս դահլիճում, կարելի է ասել, պոպուլիզմի ցերեկույթ էր, չնայած դա սկսվել է համավարակի հետ: «Համաճարակի բռնկման հետ մեկտեղ, «Լուսավոր Հայաստանում» պոպուլիզմի բռնկում սկսեց»,- ասաց նա և կարդաց, թե ինչ է նշանակում պոպուլիզմ:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, նա ասաց, որ խնայողությունները բարեբախտաբար չեն արվում, այլ նպատակաուղղված Կառավարության կողմից են արվում:
«Պարոն Էդմոն Մարուքյանի ելույթը սկսում է՝ այս բառերով «կուշտը սովածին մանր է բրդում»: Դա մե՞զ է ասում, կուշտը մե՞նք էինք, կուշտերի ժամանակ պատգամավոր է եղել, քանի՞ անգամ է նման ելույթ ունեցել, ոչ մի անգամ»,- ասաց նա և կոչ արեց կողմնորոշվել, թե հիմա կապիտալ ծախսը կատարեն, թե մարդկանց բաժանեն:
Արփի Դավոյանը նկատեց, որ նրանց ելույթներում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ կա փող, և Կառավարությունը չի ցանկանում այդ փողը բաժանել, ինչը, նրա խոսքով, լուրջ չէ: Նա նաև ասաց, որ իրենք էլ են պատասխանում հեռախոսազանգերի, նամակների, իրենց օգնականներն աշխատում են պարետատանը, սակայն իրենք չեն հաշվում զանգերը, չեն ասում, որ հազարավոր քաղաքացիներ են դմել, քանի որ դա նորմալ է:
«Ասում եք, որ մարդկանցից գնում քվե եք խնդրում, հիմա էլ վրաները գազ ու լույս եք անջատում: Նախ՝ մենք չենք անջատում: Ես հասկանում եմ, որ բոլորդ ձեր խոսքերում պետք է ասեք այն, ինչ ձեզ պետք է, և այստեղ նորից գալիս է հանրաքվեի հարցը, որը ձեզ համար անընդունելի էր: Արդար չէ, պոպուլիզմի մի դիմեք»,-ասաց նա:










