Ձեր զարմանալու հատկանիշը շատ լավ է, որ պահպանվել է, բայց չեմ կիսում Ձեր զայրույթը. Ատոմ Ջանջուղազյանը՝ Միքայել Մելքումյանին (տեսանյութ)

12:54 • 28.04.20

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այսօր, երբ Ազգային ժողովում քննարկվում էր բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, հետաքրքրվեց զեկուցող՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուցազյանից, թե մինչ այս քանի տնտեսվարող սուբյեկտ է ստացել աջակցություն՝ կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի միջոցառումներից:

Մասնավորապես բյուջեի փոփոխությամբ մինչև 2 տոկոս ՀՆԱ-ի բացասական ցուցանիշի կանխատեսմանը, պատգամավորը նկատեց.«Կան տարբեր հաշվարկներ որ այդ անկումը ավելի շատ է լինելու և արդյոք 3-4 ամիս հետո չեք գալու որպեսզի ճշգրտենք այդ փոփոխություն»:

Նախարարը համաձայնեց, որ տարբեր մասնագետներ տարբեր հաշվարկներ են անում և նույնիսկ նույն մասնագետները տարբեր պահերի տարբեր հաշվարկներ են անում, վերանայվում են կանխատեսումներ: «Թե ինչ կլինի հետո, կլինի այն, ինչ որ կլինի, և մենք միասին կարձգանքենք փոփոխություններին»- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս պահին կոնկրետ թիվ չի կարող ասել, թե քանի տնտեսվարող է աջակցություն ստացել:

Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ անցած տարի տնտեսական հեղափոխության ժամանակ օտարերկրյա ներդրումները երկու անգամ կրճատվել են: «Ես զարմանում եմ, որ ասում եք, թե ամեն օր փոխվում է ու չգիտեք, որքան տնտեսվարող է ստացել աջակցություն»,-ասաց նա:

Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ պատգամավորի զայրույթը չի կիսում: «Բայց ձեր զարմանալու հատկանիշը, պարոն Մելքումյան, շատ լավ է, որ պահպանվել է, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք քննարկում ենք ոչ թե միջոցառումները, այլ բյուջեի մասին օրենքում փոփոխության նախագիծը»,-ասաց նա:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերով, հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: