«Մենք դժգոհ ենք Չինաստանից». Թրամփը կորոնավիրուսի տարածման պատճառով Չինաստանին պատասխանատվության ենթարկելու տարբերակներ է քննարկում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով դիտարկում է Չինաստանին պատասխանատվության ենթարկելու մի քանի տարբերակ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Business Today-ը։
«Մենք շատ լուրջ հետաքննություն ենք անցկացնում։ Մենք դժգոհ ենք Չինաստանից։ Նրանց պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ եղանակներ կան։ Մենք կարծում ենք, որ նրանք կարող էին կասեցնել այս ամենը։ Վիրուսը կարելի էր արագ կանգնեցնել, որպեսզի այն չտարածվեր ամբողջ աշխարհով»,-հայտարարել է Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջատար է: Երկրում գրանացվել է վարակման 1 010 507 և մահվան 56 803 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 065 066 է, մահացել է 211 620 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










