Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

16:27 • 28.04.20

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակն ու համագործակցությունն այդ ոլորտում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը, երկու երկրների կողմից դրա տարածմանը հակազդելուն ուղղված քայլերը, այդ ոլորտում համագործակցության նախադրյալները: Հատուկ նշվել է Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու հարցում առկա համակարգվածությունը»,-ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցը:

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հարցերը: