Հարյուրավոր կիսամերկ բանտարկյալներ՝ իրար կիպ նստած․ Էլ Սալվադորում կորոնավիրուսի ֆոնին բանտարկյալների նկատմամբ արտասովոր պատիժ են կիրառել (լուսանկարներ)

12:24 • 28.04.20

Համացանցում շոկային լուսանկարներ են տարածվել Էլ Սալվադորի «Իզալիկո» բանտից. լուսանկարներում երևում է՝ բանտում ծագած անկարգությունների համար ինչպես են որոշել պատժել հանցախմբերի հարյուրավոր անդամների: Իշխանությունների կարգադրությամբ՝ կալանավորներին գրեթե մերկացրել են և իրար շատ կիպ նստեցրել հատակին՝ այդպիսով խախտելով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը, գրում է Daily Mail պարբերականը։

Լուսանկարների տարածումից հետո իրավապաշտպան խմբերը քննադատել են երկրի նախագահին:

Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն պարզաբանել է, որ լուսանկարներում տարբեր բանտերից ավազակախմբերի նախկին անդամներ են, որոնց մյուս բանտարկյալներից մեկուսացնելու մասին որոշումը կայացվել է ապրիլի 24-ին պետության ուղղիչ հիմնարկներում 22 մարդու սպանությունից հետո։

Բուկելեն թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ բանտերի կապն արտաքին աշխարհի հետ ամբողջովին կտրվելու է, իսկ «արտակարգ դրությունը» կշարունակվի այնքան ժամանակ, մինչև 22 մահվան դեպքերը ոստիկանությունը քննի։

Ավազակախմբերի ղեկավարները նախագահի հրամանով հետագայում առանձին խցերում ինքնամեկուսացված կերպով կկրեն իրենց պատիժը։

Էլ Սալվադորը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 22-ից հետո ուժի մեջ մտած կարանտինային ռեժիմը խստագույնս պահպանող երկրներից է, որտեղ կանոնները խախտողներին ձերբակալություն է սպառնում։