Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի թիրախային թեստավորման փուլը
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի թիրախային թեստավորումը: Այս մասին գրում է pia.ge կայքը:
«Երկրում սկսվել է թիրախային թեստավորումը, որն ագրեսիվ թեստավորման կարևոր բաղադրիչներից է: Մենք այն անցկացնում ենք Մարնեուլիում և Բոլնիսիում»,-հայտարարել է Տիկարաձեն:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ երկրում արդեն սկսվել է զինծառայողների և հոգևորականների թեստավորումը, անհրաժեշտության դեպքում կթեստավորվեն նաև լրագրողները:
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 511 և մահվան 6 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 081 213 է, մահացել է 212 336 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










