«Յուքոմի» օտարումը հնարավոր է միայն կառավարության համաձայնությամբ և դա կլինի այն պարագայում, եթե վաճառքի ողջ գումարը փոխանցվի ՀՀ բյուջե. վարչապետի խոսնակ

15:23 • 28.04.20

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Յուքոմի» սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե կառավարությունից իրենց ստիպում են օտարել ընկերությունը:

Մանե Գևորգյանը նշել է, թե ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն:

Նա նշել է, թե վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:

«Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում»,-գրել է Մանե Գևորգյանը:

Խոսնակը նաև հիշեցրել է, որ վարչապետը մի քանի անգամ, այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: «Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ եւ կոնկրետ արդյունքների»,-գրել է նա: