Մալայզիայում առողջապահության փոխնախարարին 229 դոլարով են տուգանել կարանտինը խախտելու և կերուխումի մասնակցելու համար
Մալայզիայի առողջապահության փոխնախարար Նուռ Ազմի Ղազալիին և ևս մի պաշտոնյայի 229-ական դոլարով են տուգանել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված արգելքներից մեկը խախտելու համար:
Ինչպես նշում է South China Morning Post-ը, պաշտոնյաները և ևս 13 հոգի տուգանվել են մի լուսանկարի պատճառով. լուսանկարում պաշտոնյաները, անտեսելով զանգվածային հավաքների արգելքը, նստած են հատակին և կերուխումի են մասնակցում: Հետագայում պարզվել է, որ նախքան այս մարդկանց նույն խումբը Փերակ նահանգում այցելել է կրոնական դպրոց ու զանգվածային աղոթքի մասնակցել, ինչը ևս կարանտինային ռեժիմի պայմանների խախտում է եղել:
Առողջապահության փոխնախարարը խոստացել է այսուհետ ավելի օրինակելի վարք դրսևորել և կատարվածի առանչությամբ ներողություն է խնդրել:
Աղբյուրը նշում է, որ Մալայզիայում ավելի քան 21 000 քաղաքացի է ձերբակալվել կարանտինային սահմանափակումների և արգելքների խախտման համար:










