Կառավարությունն ունի 200 մլրդ դրամ խնայողություն, որը չի ուզում ժողովրդին տալ, Ֆինանսների նախարարը ԱԺ ամբիոնից ապատեղեկատվություն է տալիս՝ ասելով, որ չկա այդ գումարը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

13:25 • 28.04.20

Ֆինանսների նախարարն ապատեղեկատվություն է տարածում, երբ ասում է՝ այդ 300 մլրդ դրամ փողը չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ուրեմն այդ հաշվի վրա, որը մենք նշում ենք, անցյալ տարվա կապիտալ շինարարությունների չիրականացման արդյունքում խնայողություններից կան, այդ գումարը մոտ 380 մլրդ դրամ է։ Այս գումարից մոտ 150 մլրդ դրամն է, որ ունի որոշակի պարտավորություններ, մոտ 200 մլրդ դրամ ազատ փող կա, դա ՀՀ քաղաքացիների փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին։ Դրա վրա նստած, ասում է՝ փող չկա ժողովուրդ ջան։ 1.5 մլն դրամ աշխատավարձ ստացող Ֆինանսների նախարարն ասում է՝ փող չկա ժողովուրդ ջան»,- նշեց Էդմոն Մարուքյանը

«Լուսավոր Հայաստանը» Կառավարությանն առաջարկում է մայիս ամսվա համար 100 մլրդ դրամ նախատեսել՝ 100.000 դրամ բաժանել յուրաքանչյուր ընտանիքին և կրկնակի թոշակ տալ յուրաքանչյուր թոշակառուին: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի գանձապետական հաշվեհամարում 300 մլրդ դրամից ավելի գումար կա։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով ԼՀԿ առաջարկին՝ հայտարարել էր, որ «300 մլրդ ազատ մնացորդ չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։