Այսպիսի շոուներով ցանկանում են շեղել բնակչությանը գումար տալու՝ իմ առաջարկից. Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում իր և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)
Այսօր շատ տհաճ, ցավալի միջադեպ է եղել, որի համար ես ափսոսում եմ, այն չպիտի լիներ, բայց նաև քանի ժամ է մտածում եմ՝ ինչո՞ւ են նման միջադեպեր լինում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ 8 տարվա պատգամավոր է և երբևէ նման միջադեպեր իր հետ չեն պատահել, սակայն 7-րդ գումարման ԱԺ-ում մեկ տարվա մեջ պարբերաբար պատահում է: «Հիմա հարց է առաջանում՝ Էդմոն Մարուքյա՞նն է խնդիր, թե՞ ուրիշ խնդիր կա, եթե Էդմոն Մարուքյանն է, 8 տարվա մեջ ո՞նց եղավ. Մարուքյանը ոնց աշխատել է, նույն ձևով աշխատում է»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի, այսօրվա միջադեպն ուղիղ կապ ունի երկու օր առաջ արված իր առաջարկի հետ: «Առաջարկը հետևյալն է՝ ամբողջ աշխարհում մարդկանց պարզապես ֆինանսական աջակցություն են տրամադրում իրենց ՀՆԱ-ի տոկոսի չափով, Հայաստանում չեն ուզում դա անել և մինչև այս պահն ասում էին՝ փող չկա, իսկ ես բացահայտել եմ, որ փող կա: Իմ մեղքը նրանում է, որ ես գիտելիքս օգտագործել եմ, առաջարկ եմ ձևավորել, նաև նրանում է, որ լոբբինգ եմ անում այդ առաջարկը, նաև նրանում է, որ ասել եմ՝ փող կա: Մինչև այդ մարդկանց հավատացրել են, որ մենք քյասիբ երկիր ենք, փող չկա: Ի՞նչ է դրանից հետո տեղի ունեցել: Երկու օր է մեզ հայհոյում են ֆեյսբուքով, իրենց կայքերով, գրում են՝ պոպուլիզմ է, չգիտեմ ինչ է, սրանք ծախված են, սրանք ուզում են քանդեն, այսօր կուլմինացիան էր, այսօր հասանք տեղ»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ այս խորհրդարանում ընդհանրապես բովանդակային որևէ քննարկում չի ստացվում: Նրա խոսքով՝ տեսան այլ ձև չկա. մի հատ բրիֆինգով վիրավորական ելույթ ունեցան, հետո եկան ու ելույթներով ով ինչպես կարողացավ, վիրավորեց ԼՀԿ-ին:
«Համբերության բաժակը նրանով լցվեց, որ ամբիոնից էլի վիրավորական ելույթ էր հնչում իմ հասցեին, գործընկերներիս հասցեին ու սուտ էր պատմվում ժողովրդին, որ իբր մեզ հաղորդագրություն են գրել, որ մարդկանց ծեծում են ու մենք չենք գնացել: Ես էլ ասացի՝ սուտ է: Նիկոլ Փաշինյանի հետ պայմանվորվել ենք, որ իրենք գնում են, մենք մնում ենք, էդպես ենք պայմանավորվել, այդպես էլ արել ենք: Ես վրդովվեցի, ասացի սուտ ես ասում, չգիտեմ՝ ինչ ասաց, ես պատասխանեցի: (խոսքն իր և Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին է-Tert.am): Այդ ամեն ինչի մեջ կորավ, որ սեռական բնույթի վիրավորանք հասցվեց նաև իմ գործընկեր կին պատգամավորին և նորից վիրավորանք իմ հասցեին այդ նույն խոսակցության մեջ, և ես հունից դուրս եկա և այդ վիրավորանքին պատասխանեցի վիրավորանքով»,- պարզաբանեց նա:
Մարուքյանն այնուհետև հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ է սա արվում: «Մենք եկել ենք հունից դուրս գալո՞ւ: Մենք եկել ենք, որ մեզ ամեն օր հայհոյե՞ն, որ մի պահ էլ մենք չդիմանա՞նք ու պատասխանե՞նք. սա արվում է մի բանի համար, որ դուք շեղվեք այս թեմայից, որ դուք մոռանաք, որ պետությունը պարտավոր է ձեզ ձեր փողերից փող տալ: Արվում է մի բանի համար, որ դուք մոռանաք որ այսօր 4300 ընտանիք մթին նստած է, լույս չունի, լույս չկա, որ երեխաները դաս անեն, 763 ընտանիքում էլ գազ չկա, ցրտին նստած են, սա արվում է, որ դուք շեղվեք, որ ասեք՝ վայ Մարուքյանն այս ինչ վատ բան արեց, խառնվեք իրար ու մոռանաք, որ դուք ունեք փող և այդ փողից պետք է ձեզ աջակցեն, մոռանաք որ ձեր գազն ու լույսն անջատել են, որ այսպիսի շոուներով մոռանաք ամեն ինչ»,- նշեց նա:
Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց՝ իրենք չեն շեղվելու: «Ցավով եմ ասում, վատ միջադեպ էր, բայց չենք շեղվելու, մենք ոչ մի ձևի չենք շեղվելու, հետևական շարունակելու ենք աջակցել, ասել, որ մեր ժողովուրդն ունի փող և այդ փողից պետք է ուղղակի ֆինանսական աջակցություն տրվի այդ մարդկանց: Հազարավոր մարդիկ, որոնք վճարել են լույսի, գազի վարձը, իրենք վճարել են վերջին հացի փողով, որ գոնե լույս ունենան, որովհետև լույս չունենալը հոգեբանական խնդիր է, որ գազ չունենաս հարևանդ չի իմանում, բայց որ լույս չունես, հարևանդ իմանում է: Երեխաներդ տեսնում են, որ հարևանդ լույս ունի, դու չունես: Վճարել են այդ լույսի վարձը ու հիմա սոված նստած են, լուծում ենք առաջարկել, որևէ հակափաստարկ իշխանությունը չունի»,- շեշտեց նա և հավելեց.
«Ջանջուղազյանն ո՞վ է, որ եկել ասում է՝ փող չկա: Ամեն օր մեր երեսով են տալիս հեղափոխությունը, չգիտեմ ինչը: 88 պատգամավորներից քանի՞սն են քայլել, կառավարության անդամներից քանի՞սը, այդ քանի՞ նախարար ունեք հեղափոխական: Հա հասկացանք, կյանքներս կերաք, արյուններս խմեցիք, հերիք է էլի»:
Մարուքյանը դիմելով ժողովրդին ասաց, որ եթե կարծում եք, որ իրենք պետք է անիքնասերի նման նստեն, երբ իրենց հայհոյում են, թող մտածեն, եթե մտածում են կին պատգամավորին պետք է վիրավորեն, էլի ձայն չհանեն, էլի թող մտածեն: «Ես էլ մտածում եմ, որ չեմ շեղվելու ու ժողովուրդն ունի 300 մլրդ փող, ծանրաբենռված է դրանից 100 մլրդ-ը, 200 մլրդ ազատ փող ունի մեր ժողովուրդը, այդ փողը պետք է տան ժողովրդին, նյարդայնացել են դրանից, որովհետև չեն ուզում տալ ու նման թեմաներ են սարքում, որ շեղեն: Ինչից խոսում ենք, ասում են Սերժը, Սաշիկը, չգիտեմ ով: Ժողովուրդ ջան, էս ամեն ինչը նրա համար է. որ դուք շեղվեք, որ մենք մեր գործը թողենք, զբաղվենք հայհոյանքներով: Մենք ուզում ենք ցիվիլ աշխատենք, այս մարդիկ ամեն ինչ անում են, որ դա չստացվի, այդ մարդկանց դուք 70 տոկոս ձայն եք տվել բերել, հիմա եկել են ձեր գազն ու լույսն անջատում են, առաջարկ ենք անում, մեզ հայհոյում են, ի՞նչ անենք»,- ասաց նա:
Մարուքյանը հավելեց. « Հիմա դրած ֆեյսբուքով քննարկում եք՝ էդմնոնը Շմայսից բեթար է, հա, եղավ, բեթար եմ, ի՞նչ անեմ, դե հիմա չեմ կարողացել, վրդովված եմ եղել, ստացվել է: ԱԺ-ում կան էթիկայի կանոններ, լինում է, որ պատգամավորներն էթիկայի կանոնները խախտում են, մեր խորհրդարանն էլ ունի ընթացակարգ էթիկայի հանձնաժողով ստեղծելու, դա էլ «Իմ քայլի» ձեռքին է, թող ստեղծեն, վարույթ հարուցեն իմ նկատմամբ, էդ որ ինձ դատափետում եք, թող վարույթի շրջանակում ինձ պատասխանատվության ենթարկեն, բայց ես չեմ լռելու, շարունակելու եմ ժողովրդին հուզող հարցը բարձրացնել և հետևողական լինել, որ ամբողջ աշխարհում ուղղակի օժանդակություն ցույց տան»:
Նա ընդգգծեց, որ սա է ամբողջ ճշմարտությունը. «Հիմա դուք դատավոր եք, մենք էլ ամբաստանյալ, դուք էլ դատեք, իսկ մենք շարունակելու ենք 500 հազար ընտանիքներին 100 հազար դրամ աջակցության ծրագիրը պաշտպանել ու լոբբինգ անել և 470 հազար թոշակառուներին մեկ ամսվա հավելյալ թոշակ վճարելը նույնպես: Հայաստանում չպետք է լինի մի տուն, մի ընտանիք, որը չունենա լույս, չունենա գազ և պետությունը փող ունենա և ասի՝ փող չկա, դա անթույլատրելի է, ով էլ չի ուզում, չի ուզում, որ մեր ժողովուրդը գոյատևելու հնարավորություններ ունենա»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










