Լիբանանի բանակը դադարեցրել է Տրիպոլիում սկսված փողոցային անկարգությունները. նվազագույնը 9 մարդ է տուժել. ԶԼՄ

03:43 • 28.04.20

 

Լիբանանի բանակի զինծառայողները երկուշաբթի օդում նախազգուշական կրակ են բացել Բեյրութից 90 կմ դեպի հյուսիս գտնվող նավահանգստային Տրիպոլի քաղաքում ընթացող փողոցային անկարգությունները զսպելու նպատակով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով «Ալ Մայադին» հեռուստաալիքին:

Հաղորդվում է, որ ցուցարարների և զինծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել: Նվազագույնը 9 մարդ տուժել է: Զինվորականների շրջանում նույնպես տուժածներ կան:

Աբդել Համիդ Քարամի հրապարակում ամբոխի կողմից զինվորական ավտոմեքենայի ուղղությամբ հրկիզիչ խառնուրդով շիշ է նետվել, ինչի հետևանքով մեքենան հրդեհվել է: Հարձակման են ենթարկվել քաղաքի կենտրոնում գտնվող բանկերի գրասենյակները: Երիտասարդների խմբերը վնասել են բանկոմատները, կոտրել ցուցափեղկեր:

Նշվում է, որ բախումների մասին տեղեկություններ են ստացել Ֆուրն էշ Շեբաք Այն Ռումմանա և Զուք Մոսբեհ շրջաններից: