Առաջարկվում է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, նաև պարետի ընդունած ակտերի բնույթը
Ազգային ժողովում ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններև լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Առաջարկվում է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող է հանդես գալ որպես պարետ: Նախագծով սահմանվել է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր»,-ասաց նա:
Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ նախագծով նախատեսվել է նաև համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը սահամանփակելու հնարավորություն՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով:
«Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ: Բացի այդ, սահմանվել է սահմանափակման ենթակա անձի իրավունքը՝ տեղեկացված լինելու սահմանափակման պատճառների մասին և տեղեկացնելու իր իրավունքների սահմանափակման մասին նաև իր նախընտրած անձին»,-ասաց նա:
Զեկուցողը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դրույթը որոշակի փոփոխության կենթարկվի, անձի ազատությունը կսահամանփակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձևակերպումը, ապա բանավոր ձևակերպմամբ՝ պայմանով, որ սեղմ ժամկետում գրավոր կարգադրությունը կհետևի:










