«Չափազանց բարդ է, բայց պետք է անեմ դա». իսպանացի պաշտոնյան չի կարողացել զսպել հուզմունքը կորոնավիրուսի զոհերի անուններն ընթերցելիս (տեսանյութ)
Իսպանիայի առողջապահության նախարարի խորհրդական Վերոնիկա Կասադոն չի կարողացել զսպել հուզմունքը նոր տեսակի կորոնավիրուսի համարավարակի հետևանքով մահացած բժիշկների և բուժաշխատողների անունները հրապարակավ ընթերցելիս:
Ինչպես երևում է South China Morning Post պարբերականի հրապարակած տեսանյութում՝ պաշտոնյան, փորձելով ընթերցել Կաստիլյա Լեոն շրջանում վարակի զոհ դարձած բուժաշխատողների անունները, ստիպված է եղել մի քանի անգամ դադար տալ՝ խեղդելով արցունքները:
«Սա չափազանց բարդ է, բայց ես պետք է անեմ դա»,-ասել է կինը:
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Առողջապահության նախարարության հանձնաժողովներից մեկին Կաստիլյա Լեոն շրջանում կորոնավիրուսի զարգացման վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ: Իր ելույթի վերջում Կասադոն ասել է, որ կցանկանար հիշել այն գործընկերներին, որոնք դարձել են համավարակի զոհը:
Հավելենք, որ Իսպանիան Եվրոպայում վարակակիրների թվով առաջին տեղում է՝ 232 128 դեպք: Բացի այդ, այն առաջատար է բուժաշխատողների վարակվածության ցուցանիշով: Երկրում կորոնավիրուսի վարակակիրների 20%-ը հենց բուժաշխատողներն են:










