Կալիֆոռնիայի իշխանությունները մարդկանց՝ լողափերի «գրոհից» հետո որոշել են խստացնել կարանտինային միջոցառումները

11:08 • 28.04.20

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանափակումների վերահսկողությունը կուժեղացնեն, ինչը կապված է այն փաստի հետ, որ անցած հանգստյան օրերին մեծ քանակությամբ մարդիկ լողափերում են անցկացրել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով նահանգապետ Գևին Նյուսոմի հայտարարությանը։

«Մենք կօգտվենք «Տանը մնա» ռեժիմի, սոցիալական հեռավորության պահպանման, խորհուրդների և ընթացակարգերի կատարմանն առավել ագրեսիվ միջոցներով հասնելու մեր իրավունքից»,- նշել է նահանգապետը։

Նրա խոսքով ՝ այս հարցով հանձնարարություններն արդեն տրված են իրավապահ մարմիններին: Ըստ նահանգապետի՝ մի շարք շրջաններից լողափերում մարդկանց լուսանկարները ԶԼՄ-ներում տարածելը «օրինակ է այն բանի, թե ինչպես հարկավոր չէ վարվել», եթե, իհարկե, ցանկություն կա վիրուսի տարածումը կանխելու հարցում առաջընթաց ունենալ։

«Իրականությունն այն է, որ մեզ մի քանի շաբաթ և ոչ թե ամիսներ է բաժանում «Տանը մնա» ռեժիմի կարևոր փոփոխությունից, որը, սակայն, կախված է տվյալներից, ձեր դրևսորած վարքից։ Փոխելով վարքը՝ մենք կարող ենք ազդել առողջության և տվյալների վրա»,-հավելել է Նյուսոմը։

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Կալիֆոռնիայում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 000 դեպք, մահացել է 1755 մարդ։

Հիշեցնենք, որ Հարավային Կալիֆոռնիայի իշխանությունները, անտեսելով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը, վերաբացել են որոշ լողափեր, որոնք անմիջապես հեղեղվել են հազարավոր մարդկանցով։ Լողափերը վերաբացվել են Կալֆոռնիայի Վենտուրա և Օրինջ շրջաններում, սակայն դրանք շարունակում են փակ մնալ Լոս Անջելեսում և Սան Դիեգոյում։

Վերջին օրերին նահանգում ջերմաստիճանը հասել է առավելագույնը 32 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Մարդիկ «գրոհել» են լողափերը, լողացել ու արևայրուք ստացել։