Հեռուստասերիալը վեճի առիթ է դարձել Ղազախստանի և Տաջիկստանի միջև. Տաջիկստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել
Տաջիկստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ղազախստանի արտգործնախարարությանը ղազախական «Պարեկ» հեռուստասերիալում տեղ գտած դրվագի առնչությամբ: Տաջիկ դիվանագետները պահանջել են քննություն անցկացնել և «իրավական գնահատական տալ» սերիալի ստեղծողների գործողություններին: Այս մասին տեղեկացնում է Asia-plus պարբերականը:
Սերիալը ցուցադրվում է ղազախական NTK հեռուստաալիքով և պատմում է ոստիկաններ Սերիքի և Բերիքի մասին:
«Սերիալի դրվագներից մեկում հերոսները կանգնեցնում են կեղտոտ դեմքով մի մարդու, որը չի խոսում ոչ ռուսերեն, ոչ ղազախերեն: Հերոսները կարծում են, որ այդ մարդը Տաջիկստանից եկած ներգաղթյալ է, նրան տանում են բաժին և ստիպում են մեքենա լվանալ, ներկել միջանցքը: Ավելի ուշ պարզվում է, որ այդ մարդը Տաջիկստանի դեսպանն է, որը կորցրել է ճանապարհը դեպի դեսպանատուն»,-պատմում է պարբերականը:
Տաջիկստանի իշխանությունները պահանջում են քննություն անցկացնել էթնիկական ատելություն տարածելու և Տաջիկստանին զրպարտելու պատճառով:










