«Շուտով բոլորդ կիմանաք». Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Կիմ Չեն Ընի առողջական վիճակից, սակայն մանրամասներ չի հայտնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակից, սակայն մանրամասներ չի հայտնի, գրում է mirror.co.uk կայքը՝ հղում տալով Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությանը։
«Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ Իր հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Ընդհանուր առմամբ գիտեմ՝ նա ինչ վիճակում է, այդ մասին շուտով բոլորդ կիմանաք»,- նշել է Թրամփը և հրաժարվել մանրամասներ ներկայացնել։
Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդն ապրիլի 11-ից հետո հանրությանը չի ներկայացել։ Իր ղեկավարության ընթացքում առաջին անգամ նա ապրիլի 15-ին չի մասնակցել պապի ծննդյան տարեդարձի հանդիսավոր արարողությանը:
Նախորդ շաբաթ տեղեկություններ էին տարածվել ենթադրյալ վիրահատությունից հետո Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վատթարացման մասին։ Ավելի ուշ հարավկորեական լրատվամիջոցները հայտարարել էին, որ «անհետացած» առաջնորդը Ճապոնական ծովի լողափերից մեկի մասնավոր հանգստյան գոտիներից մեկում է, և որ վերջինս Փհենյանը լքել է կորոնավիրուսով չվարակվելու համար։










