ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է Վիետնամական պատերազմում ամերիկյան կողմի կրած կորուստները

15:56 • 29.04.20

Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում 59 266 մարդ է մահացել, ինչն ավելին է, քան Վիետնամական պատերազմում ամերիկյան կողմի զոհերի թիվը: Այս մասին հայտնում է The Hill-ը։

Փետրվարի 6-ից երեք ամսից քիչ ժամանակահատվածում ավելի շատ մարդ է զոհվել, քան պատերազմի տարիների ընթացքում։ Նշվում է, որ համավարակի զոհերի թիվն արդեն գերազանցել է նաև Կորեական պատերազմում (36,5 հազար ամերիկացիներ) և Առաջին աշխարհամարտում (53,4 հազար) ունեցած զոհերի թիվը։

ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների և մահացությունների թվով աշխարհում առաջին տեղում է․ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք, որոնցից 59 266-ը՝ մահվան ելքով։

Վիետնամական պատերազմը տեղի է ունեցել Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում 1955 թվականի նոյեմբերի 1-ից մինչև Սայգոնի անկումը՝ 1975 թվականի ապրիլի 30-ը: Ամերիկյան կողմն ունեցել է ավելի քան 58 220 զոհ։