ԲԿ-ում եղել են ոստիկաններ, որոնք փորձել են կանգնացնել ներխուժողներին, սակայն որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը. Գավառի ԲԿ-ի վիրաբույժ (տեսանյութ)

15:37 • 29.04.20

Երեկ երեկոյան ժամը 17:30-ի սահմաններում մեր հիվանդանոց են դիմել հրազենային տարբեր բնույթի վնասվածքներով 4 հիվանդ, երկու հոգի էլ տեղափոխվել են մեզ մոտ արդեն մահացած վիճակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գավառի ԲԿ-ի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մահացածներին մոտ եղել են կրծքավանդակի և որովայնի բազմաթիվ թափանցող հրազենային վնասվաքծներ, իսկ 4 վնասվածք ստացածների վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: «Նրանք ստացել են առաջին համապատասխան բուժօգնություն և վիճակները կայունանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր բուժհաստատություններ՝ հետագա բուժման նպատակով»,- ասաց Արամ Ավետիսյանը:

Հարցին՝ նա ԲԿ-ո՞ւմ է եղել, երբ, ինչպես ասում են, 500 հոգի ներխուժել են, բժիշկն ասաց, որ չի կարող ասել 500 հոգի են եղել, թե ոչ: «Ես այդ ժամանակ ունեցել եմ 4 ծանր հիվանդ, իմ անձնակազմի հետ զբաղված ենք եղել միայն հիվանդների բուժման հարցերով, բայց կարող եմ ասել, որ շատ են եղել»,-նշեց նա:

Բժիշկը նաև ասաց, որ չի կարող ասել ներխուժողները ձողերով են եղել, թե ոչ: Նրա խոսքով՝ ԲԿ-ում եղել են ոստիկանական ուժեր, որոնք նրանց կանգնեցնելու այդ գործառությունները իրականացնել են, սակայն որոշակի ժամանակ հետո նրանց հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և մտնել հիվանդանոց:

Հարցին՝ կրակահերթ բացե՞լ են ոստիկանների ուղղությամբ, Ավետիսյանն ասաց. «Ես չեմ լսել նման խոակցություն, նման ինֆորմացիա չունեմ»: