Գիշերը՝ ժամը 6-ին, 30 դիմակներով ոստիկան դուռը ջարդելով ներս մտան, տղայիս` անկողնուց, առանց հիմնավորման տարան. Գավառի միջադեպից բերման ենթարկված քաղաքացու մայրը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

18:14 • 29.04.20

Առավոտյան 05:30-06:30-ը 30 դիմակներով ոստիկաններ, առանց դուռը ծեծելու ներխուժել են իմ բնակարան: Մինչև արթնացա, այդ 30 հոգին բարձրացան վերև, տղայիս ու հարսիս հանեցին անկողնուց, ոչ մի պատասխան չտվեցին՝ ինչ է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի բնակչուհի Աննա Մկրտչյանը, ում որդուն՝ Գարիկ Մնոյանին այս գիշեր Գավառի միջադեպից պատճառով բերման են ենթարկել Ոստիկանություն:

«Իմ երեխան ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ, ու ոստիկանությունից չեն հիմնավորում՝ ինչու են տարել: Եթե մենք կորոնավիրուսի շրջանում ենք, ոնց կարելի է 30 հոգով տուն ներխուժել, իրավունք ունե՞ն»,-ասաց Աննա Մկրտչյանը՝ նշելով, թե փաստաթուղթ է պահանջել ոստիկաններից, սակայն վերջիններս նշել են՝ «ինչ կուզենք, կանենք»:

Բնակչուհու խոսքով՝ այդ ընթացքում կանչել են իր ավագ որդուն, այդ ժամանակ արդեն բաց են թողել կրտսեր որդուն, ու բերման ենթարկել նրան: Բերման ենթարկվածի մայրը նշեց նաև, թե հարսը հղի է, ու այդ դեպքից հետո իրեն վատ է զգացել, ուշագնաց է եղել նաև ինքը:

Գարիկ Մնոյանի ընտանիքի անդամների խոսքով՝ եղբայրները երեկ Երևանում են եղել, վերադառնալուց հետո, լսելով, որ իրենց համագյուղացուն սպանել են, գյուղի մյուս բնակիչների հետ Գավառի հիվանդանոց են գնացել:

Մնոյանի եղբոր կինն էլ ասաց, թե ամուսինն ու նրա եղբայրը Երևանից վերադարձել են երեկոյան ժամը 6-ին, ու ժամը 8-ին վերադաձել է տուն ու դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ Գավառում երեկ կրակոցներ են հնչել, մահացել է 2 մարդ։ Tert.am-ի տեղեկություններով՝ հնչած կրակոցներից հետո  սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի անձի եղբայրը հարձակում է կատարել հիվանդանոցի վրա։ Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի պարանոցը կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: