Ժողովրդի փողից ինչո՞ւ ՀՀ ժողովրդին չեք աջակցում. Էդմոն Մարուքյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին (տեսանյութ)

12:40 • 29.04.20

Ժողովրդի փողից ինչու չեք աջակցում ՀՀ ժողովրդին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ինչու կառավարությունը վերջին տարիների խնայողություններից, որտեղ հարյուր միլիարդ դրամ գումար կա, չի ցանկանում աջակցել քաղաքացիներին»,-հարցրեց նա՝ նշելով, որ իրենք այս հարցը բարձրացրել են, փողի տեղը ցույց են տվել, ցույց են տվել միջազգային փորձը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատգամավորն այդ հարցին պատասխանն արդեն ստացել է: «Տպավորություն է ստեղծվում, որ ձեզ հետաքրքրում է այդ հարցի ձևակերպման գործընթացը»,-ասաց նա և նշեց, որ 100 միլիարդ դրամ կառավարությունը իր տրամադրության տակ չունի: «Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբին, ես կարծում եմ, որ դրա ճանապարհը այն է, ինչը մենք ընտրել ենք․ դա միջոցառումներով, թիրախավորված, հասցեական աջակցությունն է»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց Ջանջուղազյանի դիտարկմանը՝ նշելով, որ ինքը կոնկրետ հասցեական առաջարկ է անում: «Պարոն նախարար, պատգամավորների հարցերին ի պատասխան ասում եք՝ դուք իրավունք ունեք այդ կարծիքն ունենալ, այդ միտքը կյանքի իրավունք ունի, չգիտեմ, ինչ-որ սրամտում եք, բաներ եք անում, մենք ձեզ կոնկրետ հարցեր ենք տալիս, դա հարցի պատասխան չի, հարցի առաջին մի րոպեն դրա մասին էր, որ ես իրավունք ունեմ ձեզ հարց տալ»,-ասաց նա և նշեց, որ չգիտի այդ հարցի պատասխանը և իր առաջարկը 470 հազար թոշակառուի մասին է:

«Ես չգիտեմ, ոնց եք դուք ասում, որ թիրախային է մեր աջակցությունը, երբ վարչապետը ասում է, որ չենք կարողանում տեղորոշել կարիքավորին, իրար հետ գոնե քննարկեք, որ ձեր խոսքերը համընկնեն»,-ասաց պատգամավորը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ արձագանքում է հարցերին այնպես, ինչպես ճիշտ է գտնում: «Ես ասում եմ այդ պատասխանը հնչել է ոչ մեկ անգամ, դուք ուղղակի պատասխանի ձեր վարկածը ունեք և ձեզ դուր չի գալիս այն պատասխանը, որը հնչում է»,-ասաց նա և նշեց, որ ինքը վարչապետի ասածին հակառակը չի ասում, այլ ընդհակառակը, շեշտում է, որ ցանկանում են, որ աջակցությունը հասցեական լինի:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: