«Մի բան հստակ է՝ նա չի կարողանում ինքնուրույն կանգնել և նորմալ քայլել»․ հյուսիսկորեացի նախկին դիվանագետը՝ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին

15:01 • 29.04.20

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հանրության տեսադաշտից անհետացումը խոսում է նրա ֆիզիկապես վատառողջ լինելու մասին, ասել է երկիրը լքած հյուսիսկորեացի նախկին դիվանագետ Թե Յոն Հոն, գրում է Daily Mail-ը։

CNN-ի հետ զրույցում Թե Յոն Հոն ասել է, որ ապրիլի 15-ին պապի ծննդյան տարեդարձի հանդիսավոր արարողությանը Հյուսիսային Կորեայի առաջնորդի բացակայությունն ազդանշան էր նրա առողջության վատթարացման մասին։

«Ես այնքան էլ վստահ չեմ՝ արդյոք նա սրտի, թե ուրիշ վիրահատություն է տարել, բայց մի բան հստակ է․ նա չի կարողանում ինքնուրույն կանգնել և նորմալ քայլել»,- ասել է հյուսիսկորեացի նախկին դիվանագետը։

Սեուլը և Վաշինգտոնը հերքել են Կիմ Չեն Ընի՝ լուրջ հիվանդ լինելու և մահվան մասին լուրերը, բայց դիվանագետի խոսքով՝ միայն գերագույն առաջնորդի ընտանիքը և նրա օգնականները գիտեն ճշմարտությունը։

Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդն ապրիլի 11-ից հետո հանրությանը չի ներկայացել։ Իր ղեկավարության ընթացքում առաջին անգամ նա ապրիլի 15-ին չի մասնակցել պապի ծննդյան տարեդարձի հանդիսավոր արարողությանը:

Հարավկորեական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարն ամսվա սկզբին սրտի վիրահատություն է տարել և այժմ վերականգնվում է իր մասնավոր առանձնատանը: Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանց, հայտնում էին, որ Կիմ Չեն Ընն այդ վիրահատությունից հետո «լուրջ վտանգի» մեջ է:

Նախորդ շաբաթ տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Փհենյանը լքել է կորոնավիրուսով չվարակվելու համար։