Փողոցում պատահաբար հանդիպել են, իրար բարևել են, որից հետո Ալեն Սիմոնյանը Արթուրի դեմքին է հարվածել. իշխանությունները որոշել են այս պատրվակով քրեական հետապնդում իրականացնել. Կոնստանտին Տեր-Նակալյան

18:39 • 29.04.20

«Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»  միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև:

«Արթուր Դանիելյանի հետ երկու բառ եմ խոսել, ծեծ ասվածը մի փոքր ուռճացված է, ուղղակի Ալեն Սիմոնյանն առաջինն է հարվածել: Իմ ունեցած տեղեկություններով՝ պատահաբար իրար փողոցում տեսել են, Ալենը բարևել է, Արթուրը բարևել է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը Արթուրի դեմքին է հարվածել, որից հետո արդեն քաշքշուք, ծեծկռտուք է տեղի ունեցել»,-ասաց նա:

Տեր-Նակալյանը հայտնեց, որ Արթուր Դանիելյանը հիվանդանոցում է գտնվում, սակայն ոստիկանները չեն թողնում, որ նրանք հիվանդանոց մտնեն, ըստ նրա՝ անհեթեթ պատճառաբանություններով: «Քիչ առաջ պատճառաբանեցին, որ չեն թողնում ներս, որովհետև բժշկական դիմակներ չունենք: Մենք մտավախություն ունենք, որ իշխանությունները որոշել են այս պատրվակով քրեական հետապնդում իրականացնել, դրա համար ամեն գնով Արթուր Դանիելյանին մեկուսացրել են իր թիմակիցներից»:

Հիշեցնենք, որ Կոնստանդին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա և կից հրապարակել Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված դեմքը:

Դանիելյանը Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում է:

 

Փողոցում պատահաբար հանդիպել են, իրար բարևել են, որից հետո Ալեն Սիմոնյանը Արթուրի դեմքին է հարվածել. իշխանությունները որոշել են այս պատրվակով քրեական հետապնդում իրականացնել. Կոնստանտին Տեր-Նակալյան