Ադրբեջանը մինչև մայիսի 31-ը երկարաձգել է երկրից դուրս գալու ու երկիր մուտք գործելու արգելքը

14:16 • 29.04.20

Ադրբեջանում երկրից դուրս գալու ու երկիր մուտք գործելու արգելքը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Ադրբեջանի տարածք ելումուտը ցամաքային և օդային տրանսպորտի միջոցով դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով` երկրի կառավարության ապրիլի 5-ի որոշմամբ: Սկզբնական փուլում արգելքը սահմանված էր մինչև ապրիլի 20-ը: Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ադրբեջանում գտնվելու ժամկետը կերկարացվի 30-60 օրով այն դեպքում, եթե այդ ժամկետը լրանում է մայիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում:

«Ներկայում աշխարհի պետությունները շարունակում են քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ձեռնարկվող միջոցառումների շրջանակում պետությունների մեծ մասը դադարեցրել է միջազգային չվերթները`սահմանների փակման մասին որոշման համաձայն: Ուսումնասիրվել է կորոնավիրուսի պատճառով աշխարհում առկա որոշումը, և վիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մինչև մայիսի 31-ը երկարաձգվել է օդային և ցամաքային տրանսպորտի միջոցով ելումուտի արգելքը՝ բացառությամբ բեռնափոխադրող և չարտերային թռիչքների»,-ասված է օպերատիվ շտաբի մամուլի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1717 և մահվան 22 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 148 709 է, մահացել է 218 371 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: