Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել են ամուսիններ, որոնք դաստիարակում էին 30 երեխայի. Manchester Evening News

05:19 • 29.04.20

Բրիտանական Ուորինգթոն քաղաքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 երեխա դաստիարակող զույգը: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:

80-ամյա Հեֆին Ուիլյամսը 22 տարի աշխատել է Մանչեսթերի օդանավակայանում, թոշակի անցնելուց հետո կամավոր է դարձել տեղի հիվանդանոցներից մեկում: Նրա 74-ամյա կինը՝ Վալերի Ուիլյամսը, ողջ կյանքում զբաղվել է տարեցների խնամքով և թոշակի է անցել միայն նախորդ տարի: Զույգը մեծացնում էր 26 որդեգրված և 4 սեփական երեխաներին:

Մարտի սկզբին Վալերին վարակվել է կորոնավիրուսով: Մարտի 12-ին ի հայտ են եկել առաջին նախանշանները: Մարտի 21-ին նրան հոսպիտալացրել են, իսկ մեկ օր անց տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նրա ամուսինը մնացել է տանը՝ պահպանելով ինքնամեկուսացման կանոնները, սակայն մեկ շաբաթ անց նրան ևս տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է: Վալերին մահացել է ամուսնու հուղարկավորության հաջորդ իսկ օրը: