«Մենք ունենք աշխարհում լավագույն թեստավորման համակարգը». Թրամփը բացատրել է ԱՄՆ-ի՝ վարակակիրների թվով աշխարհում առաջինը լինելու փաստը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցկայքի իր էջում հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ թիվը պայմանավորված է վիրուսի առկայությունը ստուգող թեստային համակարգով, որը շատ լավ է աշխատում։
«Միակ պատճառը, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք, այն է, որ մեր թեստավորման համակարգն աշխարհում լավագույնն է։ Մյուս երկրները զգալիորեն զիջում են մեզ այս առումով, այդ պատճառով էլ վարակման դեպքերը նրանց մոտ զգալիորեն ավելի քիչ են բացահայտվում»,- նշել է նախագահը։
Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք, որից 58 000-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ն զգալիորեն գերազանցում է մյուս երկրներին․ ցուցակի երկրորդ տեղում վարակման մոտ 232 000 դեպքով գտնվում է Իսպանիան։
Միևնույն ժամանակ համավարակի տարածումը կանխելու համար ստեղծված սահմանափակումները էական վնաս են հասցնում ԱՄՆ տնտեսությանը։ Թրամփի ավագ խորհրդական Քևին Հասեթի խոսքով՝ երկրում գործազրկությունը հունիսին կարող է հասնել 16-20 տոկոսի։ Նման պայմաններում Սպիտակ տան ղեկավարը ապրիլի 27-ին նահանգապետերին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ չեղարկել սանիտարական սահմանափակումները՝ միևնույն ժամանակ վտանգի տակ չդնելով քաղաքացիների առողջությունը։










