Էրդողանը Թրամփին ուղղված նամակում իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում

16:04 • 29.04.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ին ու ամերիկացի գործընկերոջը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:

Էրդողանի նամակում ասվում է.

«Պարոն նախագահ, թանկագին ընկեր,

Դուք գիտեք, որ ես մեծ նշանակություն եմ տալիս կորոնավիրուսի համավարակի իրավիճակում մեր համագործակցությանը: Ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք կորոնավիրուսը մեր համատեղ ջանքերով և հավատում եմ, որ մենք ավելի առաջ կգնանք առողջապահության ոլորտում այն դասերի հաշվին, որը քաղում ենք այս ճգնաժամի դեմ պայքարում:

Ես հետևում եմ ԱՄՆ-ում ձեր վճռական պայքարին համաճարակի դեմ, և շատ ուրախ եմ, որ Դուք առաջին քայլերն եք արել կայունացման ուղղությամբ, ինչի շնորհիվ վարակման դեպքերը նվազել են: Մենք չենք կասկածում, որ ամերիկացի ժողովուրդը կկարողանա դուրս գալ այս ճգնաժամից, որը մեծ փորձություն դարձավ բոլորիս համար:

Դուք կարող եք համոզված լինել, որ իմ երկիրը շարունակելու է համերաշխություն հայտնել ԱՄՆ-ին որպես հուսալի և ուժեղ գործընկեր ինչպես հիմնական պահանջների բավարարման, այնպես էլ կայունացմանն ուղղված քայլերի շրջանակում: Այսօր մենք մեր ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռով դեղորայք ենք ուղարկում ձեզ, որի կարիքն ամերիկացի ժողովուրդը շատ ունի: Ես հուսով եմ, որ այս համեստ օգնությունը, որը մենք ուղարկում ենք, կօգնի համաճարակի դեմ ձեր պայքարում և կնպաստի հիվանդների առողջացմանը:

Թանկագին ընկեր, կարծում եմ, որ շատ կարևոր և օգտակար կլինի նաև շարունակել մեր համագործակցությունը հետհամավարակային շրջանում, նամանավանդ միջազգային տնտեսության վերականգնման շրջանակում:

Բացի այդ, կարծում եմ, որ մենք պետք է օգուտ քաղենք մեր միջև զարգացած այս հարաբերություններից և զարգացնենք թուրք-ամերիկյան հարաբերությունները բոլոր ոլորտներում: Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պարզ ցույց են տվել, թե ինչպիսի կարևորություն ունի տարածաշրջանի համար թուրք-ամերիկյան դաշինքի ամրապնդումը:

Եվս մեկ անգամ իմ երկրի անունից ցավակցություններ եմ ուղղում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց հարազատներին»:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 035 765 դեպք, հիվանդության հետևանքով մահացել է 59 266 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 148 709 է, մահացել է 218 371 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: