Իտալիայում կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է նոր վարակվածների թվին

12:54 • 29.04.20

Իտալիայում նախօրեին կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է նոր վարակման դեպքերի թվին, հայտնում է interfax.com.ua կայքը՝ հղում տալով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարությանը։

Այսպիսով՝ Իտալիայում մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 2317 մարդ, այն դեպքում որ նոր բացահայտված վարակակիրների թիվը կազմել է ընդհանուր 2100։ Մեկ օրվա կտրվածքով հիվանդությունից երկրում մահացել է 382 մարդ։

Համավարակի սկզբից Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 201 500 դեպք, որից 27 300-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 69 000 մարդ։ Ներկայում բուժում է ստանում ավելի քան 105 հազար հիվանդ։

Այս պահին Իտալիան համաճարակաբանական իրավիճակի տեսանկյունից ոչ բարենպաստ երկրների ցուցակում երրորդ հորիզանականն է զբաղեցնում, սակայն իտալացի բուժաշխատողները նշում են, որ վերջին ժամանակներում իրավիճակի կայունացում և վարակման դեպքերի ընդհանուր նվազման միտում է նկատվում։