Նյու Յորքում հարյուրավոր հրեաներ, անտեսելով կորոնավիրուսի համավարակը, հուղարկավորության մասնակցելու համար ողողել են քաղաքի փողոցները․ դեպքին միջամտել է քաղաքապետը (լուսանկարներ)

14:01 • 29.04.20

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ոստիկանությանը կարգադրել է «զրոյական հանդուրժողականություն» նոր մոտեցման շրջանակում հուղարկավորությունների կամ այլ առիթով հավաքված մարդկանց մեծ խմբերին ձերբակալել՝ կանխելու քաղաքում կորոնավիրուսի տարածումը, հայտնում է Daily Mail պարբերականը։

Քաղաքապետը երեքշաբթի երեկոյան Ուիլյամսբուրգ շրջանում կորոնավիրուսից մահացած ռաբբիի հուղարկավորությանը մասնակցելու համար փողոց դուրս եկած հարյուրավոր ուղղափառ հրեաների լուսանկարները տեսնելուց հետո անձամբ է դեպքի վայր ժամանել՝ համոզվելու, որ մարդկանց հավաքն ամբողջովին դադարեցվել է։

Համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ սև գլխարկներով ու երկար վերարկուներով հրեաներն առանց սոցիալական հեռավորությունը պահելու, շատերն անգամ առանց դիմակներ կրելու գրեթե ամբողջովին ողողել են փողոցները։

«Իմ ուղերձը հրեա և այլ համայնքներին շատ պարզ է․ զգուշացումների ժամանակն ավարտվել է: Նյու Յորքի ոստիկանությանը հրահանգել եմ մեծ խմբերով հավաքվող անձանց ձերբակալել։ Ժամանակն է կանգնեցնել հիվանդության տարածումն ու մարդկանց կյանքեր փրկել»,- Twitter սոցկայքի իր էջում է գրել քաղաքապետը։