Պառլամենտական երկրի ամենաբարձր ամբիոնում հայտնվել են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն քաղաքականության ու երկրի իրական մարտահրավերների հետ. Լիլիթ Գալստյանը՝ ԱԺ միջադեպի մասին

03:52 • 29.04.20

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում առանձնապես չզարմացրեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի կողմից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասեին արված արտահայտությանը:

«Ասել, թե ցավալի է ու շատ տխուր, նշանակում է ոչինչ չասել, ասել, թե քաղաքական ցածր մշակույթի դրսևորում է, դարձյալ նշանակում է ոչինչ չասել: Այն պարզ պատճառով, որ սա քաղաքականության հետ որևէ առնչություն չունի: Պառլամենտական երկրի ամենաբարձր ամբիոնում հայտնվել են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն քաղաքականության ու երկրի իրական մարտահրավերների հետ:

Եթե այս երկրի հետ մի քիչ մարդկային կապ ունենայիք, քաղաքականության մասին չեմ խոսում, կհասկանայիք, որ փողոցայինի այդ վարպետության դասը խորացնում է համազգային դեպրեսիան ու հիասթափությունը: Նույնիսկ այն փողոցը, որ բերեցիք խորհրդարան, դատապարտում է կնոջ, մոր, քրոջ, աղջկա կոնտեքստում վիրավորանքը…

Կարող էի այսօրվա «դեպքերի» առիթով լռել ու Կոնֆուցիուսի հանգույն հանգիստ նստել գետի ափին և հետևել քաղաքական ինքնաոչնչացման այս սնանկ շքերթին: Բայց, ոչ… Այսօր ԱԺ ամբիոնից վիրավորանք է հնչել կին քաղաքական գործչի հասցեին, նրա կանացի արժանապատվությանն ու վարքին՝ հենց կին լինելու համատեքստում: Սա դատապարտելի է և, կարծում եմ, այս «մշակույթն ու վարքագիծը» պետք է գնահատականի արժանանա ՄԻՊ-ի և հատկապես հասարակության կողմից»:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին իր մասին ավելի քիչ խոսի, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, իմ մասին շատ մի խոսեք»: