Երբ ընդդիմությունը մի բան ասում է, ասում են՝ դուք պոպուլիստ եք․ չի կարելի, մենք այստեղ չենք հավաքվել վիրավորելու համար, վիրավորելու համար տեղ կա, առիթ կա. Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ-ի երեկվա միջադեպի մասին
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Զոլյանին, որ մեզ հիշեցրեց՝ ինչի համար ենք հավաքվել, քանի որ այնքան տարբեր բաների մասին խոսվեց, մի պահ մոռացանք: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Մենակ չհասկացա, որ երրորդ համաշխարհային պատերազմ, ես ինչքան գիտեմ, չի եղել, կամ էլ ես այնքան երկար ժամանակ քնած եմ եղել, որ եղել է և ես տեղյակ չեմ»,-ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ Ազգային ժողովի երեկվա միջադեպին, և նշեց, որ բավականին մեղադրանքներ են հնչել դրա վերաբերյալ:
«Եկեք այդ գործելաոճը թողնենք անցյալում, որ երբ ընդդիմությունը մի բան ասում է, ասում են՝ դուք պոպուլիստ եք, չի կարելի: Այսինքն դա նշանակում է, որ ընդդիմությունը կարծիք հայտնելու իրավունք չունի, կամ էլ եթե ունի, դա միայն պոպուլիզմի համար է արվում: Այդ նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք առանձին նախագծեր որակել դեմագոգիա, ամբոխավարություն, բայց այդպես չի կարելի: Մենք այստեղ չենք հավաքվել վիրավորելու համար, վիրավորելու համար տեղ կա, առիթ կա»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ երբ ընդդիմությունը պահանջում է իշխանությունից ասել ճշմարտությունը, դրա մեջ ամոթալի բան չկա:










