Ռուսաստանում համավարակի սկզբից կորոնավիրուսի առկայությունը ստուգող 3,3 միլիոն թեստ է անցկացվել

11:57 • 29.04.20

Ռուսաստանում կորոնավիրուսի առկայությունը ստուգող ավելի քան 3,3 միլիոն թեստ է անցկացվել: Ներկայում երկրում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ 199 000 մարդ է գտնվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության հայտարարությանը։

Կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար նախօրեին ևս 164 000 թեստ է անցկացվել։

Մոսկվայի սոցիալական զարգացման հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովայի խոսքով՝ անցյալ օրը մայրաքաղաքում հիվանդությունից ապաքինվել է 480 մարդ։

«Ապաքինվածների թիվը շարունակում է արագ ավելանալ, իսկ վերջերս միջինն օրական ավելի քան 300 ապաքինման դեպք ենք ունենում։ Նախօրդ օրը բուժում ստանալուց հետո կորոնավիրուսից ապաքինվել է ևս 480 մարդ։ Երկրում վարակից բուժվածների ընդհանուր թիվը 4610 է։ Հույս ունենք, որ այս դրական առաջխաղացումը շարունակական կլինի»,- նշել է փոխքաղաքապետը։