Օմսկի բնակչուհին տղամարդ է ձևացել և «սիրելիից» 255 000 ռուբլի շորթել

17:37 • 29.04.20

ՌԴ Օմսկ քաղաքում ոստիկանությունը մի աղջկա է ձերբակալել, որը սոցիալական ցանցում տղամարդու անունից ծանոթացել է 26-ամյա կնոջ հետ և պատմելով, թե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կորցրել է «առաջնային սեռական հատկանիշները», նրանից բուժման համար 180 000 ռուբլի շորթել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կայքի փոխանցմամբ՝ չարագործի ու տուժածի շփումն ավելի քան մեկ ամիս է տևել, որի ընթացքում եղել են նաև հանդիպումներ։ Տուժածը «սիրեցյալին» 15 000 ռուբլի արժողությամբ հեռախոս և թանկարժեք ոսկյա շղթա է նվիրել, ինչպես նաև հավելյալ 50 000 ռուբլի տրամադրել պարտքերի մարման համար։ Հայտնի է, որ «բուժման» համար տրամադրած գումարը տուժած աղջիկը վարկով է ձեռք բերել։

Ոստիկանության աշխատակիցներն ավելի ուշ բացահայտել են, որ հանցագործության համար կասկածվող անձը Օմսկի Հին Կիրովսկ շրջանի բնակչուհի է, որն արագ սննդի կետում է աշխատել։

«Չարագործը մանրակրկիտ կերպով պատրաստվել է յուրաքանչյուր հանդիպմանը․ տղամարդուն հատուկ սանրվածք է արել, հանդերձանքի համապատասխան իրեր ընտրել․․․Ստացած միջոցներով աղջիկը զվարճացել է ու ամենօրյա ծախսերը հոգացել»,- պարզաբանել են ոստիկանությունից։

Հրապարակված տեսանյութում կասկածյալը կտրուկ հերքում է իր մեղավոր լինելու փաստը և նշում է, որ նրանց հարաբերությունները «փոխադարձ հարգանքի» վրա են կառուցված եղել, և նա չի հասկանում, թե ինչու է աղջիկն իր հետ այդպես վարվել։

Օմսկի բնակչուհուն խարդախության համար մինչև հինգ տարի ազատազրկում է սպառնում։