Թրամփը, կարծես, դեռ չի հասկանում՝ որքան վատ է կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված իրավիճակը. CNN
Երեք ամիս է անցել, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մոտ 60 000 մարդ է մահացել, մեկ միլիոնը՝ վարակվել, բացի այդ, տնտեսական անկում է սպասվում, սակայն դեռևս հասկանալի չէ՝ արդյոք նախագահ Թրամփը ընկալում է կորոնավիրուսի ճգնաժամի լրջությունը, թե ոչ: ԱՄՆ-ում «Քովիդ-19»-ի տարածման և Թրամփի վարչակազմի քաղաքականության շուրջ վերլուծություն է ներկայացրել CNN-ը:
«Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը Երկրորդ աշխարհամարտից հետո վատագույն ներքին ճգնաժամի պարագայում շարունակաբար ընդունում է սխալ, ոչ տեղեկացված և վտանգավոր որոշումներ, որոնք աչքի են ընկնում բացթողումներով և քաղաքականապես մոտիվացված հիմնավորումներով»,- ասվում է հոդվածում:
«Բազմաթիվ լավ փորձագետներ, շատ լավ մարդիկ ասել են, որ սա չի ազդի Միացյալ Նահանգների վրա: Փորձագետներն ամեն ինչ սխալ են հասկացել, շատ մարդիկ սխալ էին հասկացել և չէին պատկերացնում, որ ամեն ինչ այսքան լուրջ կլինի»,- պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքը, որը նա հնչեցրել էր երեքշաբթի լրագրողների հետ զրույցում:
«Նման դրսևորումը բնորոշ է Թրամփին՝ մեղադրել ուրիշներին սեփական սխալ որոշումների համար»,- նշում է հեռուստաալիքի վերլուծաբանը՝ մեկնաբանելով Թրամփի այս հայտարարությունը: Վերջինս հիշեցնում է, որ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ավագ փորձագետը փետրվարի 27-ին զգուշացրել էր, որ հիվանդությունը կհասնի ԱՄՆ-ին և կարող է ավելի «վատ» լինել:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան Վիետնամի պատերազմի ընթացքում: Բացի այդ, հաղորդվում է, որ ԱՄՆ-ում 2020-ի առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 4.8 տոկոսի անկում, որը վատագույն ցուցանիշն է 2008-ի ճգնաժամից հետո:










