Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2992-ի
Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 92 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2992-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:
«Վերջին օրվա ընթացքում առողջացել է ավելի քան 5000 վարակված:
Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 40 000-ի: Շուտով երկրում անցկացված թեստերի թիվը կանցնի 1 միլիոնը»,-հայտարարել է Քոջան:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կատարվել է 29 230 թեստավորում, գրանցվել է վարակման 2392 նոր դեպք:
Վարակման դեպքերի ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 114 653-ի:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 138 903 է, մահացել է 218 010 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










