Թուրքիայում հերքել են հյուրանոցներում «all inclusive» ու «շվեդական սեղան» համակարգերից հրաժարվելու մասին լուրը

10:47 • 29.04.20

Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո թուրքական հյուրանոցներում պահպանվելու է «all inclusive» համակարգն ու «շվեդական սեղանը»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում տեղեկացրել է Թուրքիայի հյուրանոցատերերի դաշնության ղեկավար Սուրուրի Չորաբաթըրը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, հղում տալով երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, տեղեկացրել էին, որ կորոնավիրուսի ավարտից հետո արտասահմանյան զբոսաշրջության վերականգնումը երկրում սպասվում է օգոստոսի վերջին, սակայն սկզբնական փուլերում թուրքական հյուրանոցները չեն աշխատի ամբողջ հզորությամբ և հնարավոր է հրաժարվեն «շվեդական սեղանի» ծառայությունից:

«All inclusive համակարգի և շվեդական սեղանի չեղարկման մասին խոսք չկա: Ինչպես կարող են դրանք չեղարկվել, երբ մենք դեռ անցյալ տարի ենք պայմանագրեր ստորագրել զբոսաշրջային գործակալությունների հետ այս տարի այդ ծառայությունները մատուցելու համար: Լրատվամիջոցները սխալ են ներկայացրել մեր նախարարի խոսքերը, նա նկատի է ունեցել այդ համակարգի փոփոխությունները սովորական ձևից. ուժեղացվելու են սանիտարական միջոցառումները, մեծացվելու է սոցիալական հեռավորությունը, փոխվելու են մի քանի ծառայություններ մատուցելու սովորական միջոցները: Համակարգը շարունակելու է աշխատանքը հյուրերի և հյուրանոցի անձնակազմի համար ընդլայնված միջոցառումներով, բայց դա չի ենթադրում, որ այդ միջոցառումները չեղարկվելու են: Դա բնական է այն պայմաններում, որոնք կլինեն կորոնավիրուսի համավարակից հետո: Բացի այդ, մենք հասկանում ենք, որ սկզբնական փուլում հաճախորդները շատ չեն լինի և հյուրանոցների համար հեշտ կլինի պահպանել բոլոր հիգիենիկ կանոնները»,-նշել է գործակալության զրուցակիցը:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 114 653 դեպք, հիվանդության հետևանքով մահացել է 2992 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 138 903 է, մահացել է 218 010 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: