Թուրքմենստանում ԱՀԿ մասնագետներից կորոնավիրուսի վարակակիրների թիվը թաքցնելու համար մարդկանց կարանտինային գոտիներից տեղափոխել են հեռավոր շրջաններ. լրատվամիջոցներ

15:49 • 29.04.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների՝ Թուրքմենստան ժամանելուն ընդառաջ, երկրի իշխանությունները երկրի երկրորդ խոշոր քաղաք Թուրքմենաբադի ծայրամասում գտնվող կարանտինային գոտիներում ինքնամեկուսացման մեջ գտնվող հարյուրավոր մարդկանց երկրի հեռավոր շրջաններ են տեղափոխել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։

Կայքի տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 400 մարդ գյուղական հիվանդանոցներ և մեկ հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել:

Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ ենթադրաբար ԱՀԿ առաքելության անդամներից կորոնավիրուսային վարակի դեպքերը թաքցնելու նպատակով երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես տեղափոխել հիվանդներին երկրի հեռավոր վայրեր։

Պաշտոնական տվալների համաձայն՝ Թուրքմենստանում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել։ Սակայն փորձագետները կասկած են հայտնում այդ տվյալների առնչությամբ՝ նկատելով, որ կառավարությունն այս հարցում թափանցիկ չի գործում, իսկ երկրում անկախ լրատվամիջոցները բացակայում են։ Թուրքմենստանում արգելվում է խոսել կորոնավիրուսի մասին, արգելված է պաշտպանիչ դիմակներ կրել, քաղաքացիներին համավարակի մասին խոսակցություններ ունենալու համար պատժում են։

Իշխանությունները, սակայն, այս միջոցառումների հետ մեկտեղ երկրում մի քանի կարանտինային գոտի են ստեղծել՝ «վարակիչ հիվանդությունների» կանխարգելման համար։