ՆԱՍԱ-ն հայտնել է Մարսի համար նախատեսված առաջին ուղղաթիռի անվանումը. այն հորինել է 11-րդ դասարանի աշակերտուհին (տեսանյութեր)

14:28 • 30.04.20

Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, իր պաշտոնական էջում հայտնել է Perseverance մարսագնացով դեպի «Կարմիր մոլորակ» ուղևորվելիք ռոբոտացված ուղղաթիռի անվանումը՝ Ingenuity («Հնարամտություն»)։

Հայտնի է, որ նոր մարսագնացի համար անուն ընտրելու նպատակով հայտարարված շարադրության մրցույթի շրջանակում ԱՄՆ յուրաքանչյուր նահանգից տասնյակ հազարավոր աշխատանքներ են ներկայացվել։

ՆԱՍԱ-ի աշխատակիցները բոլոր շարադրությունները կարդալուց հետո մարսագնացի համար Perseverance («Հաստատակամություն») խորհրդանշական անունն են ընտրել, սակայն աշխատանքներն այնքան լավն են եղել, որ որոշում է կայացվել ևս մի անուն ընտրել մարսագնացին ուղեկցող ուղղաթիռի համար:

Ալաբամա նահանգի Նորթփորթ քաղաքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհու առաջարկով՝ ուղղաթիռն անվանակոչվել է Ingenuity։

Հայտնի է, որ ուղղաթիռն իր առաջին թռիչքը կկատարի Մարսի վրա:

Խոսելով անվան ընտրության մասին աշակերտուհին նշել է․ «Ահռելի տքնաջան ու հնարամիտ աշխատանք է տարվել ուղղաթիռը պատրաստելու և մարսագնացի վրա այն տեղակայելու համար: Ուստի՝ իմ առաջարկած անվանումը տեղին է, քանի որ շատ ջանք դեռ պետք է ներդրվի առաքելության լիարժեք իրականացման համար»։

 

ՆԱՍԱ-ն հայտնել է Մարսի համար նախատեսված առաջին ուղղաթիռի անվանումը. այն հորինել է 11-րդ դասարանի աշակերտուհին (տեսանյութեր)