Ամփոփվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Ծրագրավորման հիմունքներ» դրամաշնորհային մրցույթի արդյունքները

13:50 • 30.04.20

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում են ԲՏԱՆ-ից։

Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի (Covid-2019) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։

Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում 18 հայտադիմումներից հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որը ծրագրի շրջանակներում շուրջ 2,000 մասնակցի համար կազմակերպելու է «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով երկամսյա առցանց դասընթացներ (շաբաթական առնվազն երկու անգամ հաճախականությամբ), որոնց կարող են մասնակցել Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիները։

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը հնարավորություն է տալու`

• ուսանողներին ծանոթանալու համակարգչային գիտությունների հիմունքներին,
• հաղորդելու C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
• ձևավորելու կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
• զարգացնելու ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն,
• նպաստելու ուսանողների ինքնակրթությանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ՝ այլ որորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման նպատակով, որի գնահատման մեխանիզմի մանրամասները ներկայացված են նախարարության կայքում:

Ամփոփվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Ծրագրավորման հիմունքներ» դրամաշնորհային մրցույթի արդյունքները