Ալեն Սիմոնյանի բարևից ավելի «սադրող սադրանք չէր լինի». Կոնստանտին Տեր-Նակալյանը մանրամասներ է ներկայացրել Սիմոնյանի և Դանիելյանի միջև 2016-ին և երեկ տեղի ունեցած միջադեպերի մասին
«Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը և մանրամասներ ներկայացրել Արթուր Դանիելյանի հետ կապված միջադեպից:
Մասնավորապես, Տեր-Նակալյանը խոսել է 2016-ին տեղի ունեցած դեպքից, որի մասին ավելի վաղ հիշատակել էր Ալեն Սիմոնյանը:
«Դա եղել է Ապրիլյան պատերազմի օրերին, երբ Հայաստանը, զորքը դիմակայում էին սահմանին: Եթե չեմ սխալվում՝ ապրիլի 3-ն էր, Արթուր Դանիելյանը այդ պահին գտնվում էր Արցախում և փորձում էր կամավորագրվել այն պարագայում, երբ Ալեն Սիմոնյանը, իր շեֆ Նիկոլ Փաշինյանը և մյուսները դեռ տրամադրվում էին, որ մայիսի 14-ին նոր հասնեն ռազմաճակատ»,- ասում է Տեր-Նակալյանը և շարունակում, որ այդ ժամանակ Ալեն Սիմոնյանի լրատվամիջոցը «զբաղված էր ադրբեջանական ապատեղեկատվության տարածմամբ՝ մեր կորուստների և ինչ –որ խնդիրների մասին և հղում էր անում ադրբեջանական աղբյուրներին»:
Նա նշում է, որ այդ ժամանակ Ալեն Սիմոնյանին «մի քանի մարդիկ մի քանի անգամ խնդրել են հեռացնել այդ հրապարակումները, ինչին մերժողական պատասխան է տրվել:
Ըստ Տեր-Նակալյանի՝ Արթուր Դանիելյանը հետ է եկել Արցախից և անձամբ Ալեն Սիմոնյանին ասել հեռացնել դրանք և չտարածել թշնամական քարոզչություն, ինչին վերջինս արձագանքել է, թե ոչ ոք իրեն ոչինչ չի կարող ասել: Դրան հաջորդել է, ըստ Տեր-Նակալյանի, «համարժեքորեն ստացած հարվածը:
«Ցավոք սրտի պետությունն այդ օրերին չէր զբաղվում պետական դավաճանների որսով և օրենքի տառով պատժելով, սա է 2016-ի եղելությունը»,- նշել է նա:
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, Տեր-Նակալյանը ուղիղ եթերում պատմել է, որ Արթուր Դանիելյանն իր 3 ընկերների հետ քաղաքում զբոսնելի է եղել, երբ պատահաբար հանդիպել է Ալեն Սիմոնյանին, որին ուղեկցելիս են եղել մի քանի մարդիկ:
«Այս պահին անձամբ նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և այս ռեժիմը քրեական գործ են «կարում» Արթուր Դանիելյանի հոր նկատմամբ և նրան զրկել են արտասահման մեկնելու հնարավորությունից և այլն»,- հայտնել է Տեր-Նակալյանը՝ շարունակելով, թե այսքանից հետո Սիմոնյանը մոտենում է Դանիելյանին և բարևում: Վերջինս էլ պատասխանել է փոխխոսնակի բարևին և «կոչել այն խոսքերով, որին Ալեն Սիմոնյանն արժանեցել էր նախօրեին ԱԺ նիստում»:
Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի՝ Ալեն Սիմոնյանի բարևից ավելի «սադրող սադրանք չէր լինի»:
Նա նաև կոչ է արել քննչական մարմիններին հրապարակել տեղի ունեցած միջադեպի բոլոր տեսագրությունները և նշել, որ սպասում են իրավապահների արձագանքին:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն իր ուղիղ եթերում հայտնել էր, որ Դանիելյանին փողոցում է պատահաբար հանդիպել, վերջինս երկար նայել է իր ուղղությամբ, որին ի պատասխան նա բարևել է Արթուրին։
«Ես ասացի բարև Արթուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի բարև ..., ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ լինել անկեղծ և պատմել գրեթե ամեն ինչ։ Ես մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի քթին։
Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ, ով հիմա դիտում է, յուրաքանչյուր երիտասարդ, չի կարող ասել, թե թերեւս ճիշտ էր այլ կերպ վարվելը»,- պատմել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը հավելել է, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը պետական պաշտոնյա է, չի կարող թույլ տալ, որ փողոցում քայլող որևէ մեկը իրեն բարև տվողին սեռական բնույթի հայհոյանք տա։










