Կանադացի գիտնականները հակամարմին են հայտնաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի հավանական պատրաստման համար. ТАСС

23:52 • 03.05.20

Կանադացի գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք կարող են օգնել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ դեղամիջոց ստեղծելու հարցում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամենօրյա տեսուղերձում:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնմանն ուղղված ուսումնասիրությունները, որոնք ֆինանսավորում են կանադական իշխանությունները, սկսել են առաջին արդյունքները ցույց տալ:

«Գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք կարող են օգտագործվել  դեղամիջոցներում՝ այս վիրուսի բուժման համար»,- ասել է Թրյուդոն՝ հավելելով, որ արդեն հուլիսին մասնագետները կարող են սկսել դեղամիջոցի փորձարկումները մարդկանց վրա:

Կանադացի վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը հավելյալ 175 մլն կանադական դոլար (մոտ $125 մլն) կհատկացնի ընկերությանը, որի մասնագետները կատարել են այս հայտնագործությունը:

Կանադայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 57 000 դեպք է գրանցվել, մահվան 3606 դեպք:

Կանադացի գիտնականները հակամարմին են հայտնաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի հավանական պատրաստման համար. ТАСС