Կորոնավիրուսը սպառնում է համաշխարհային օվկիանոսին. բնապահպանները մտահոգություն են հայտնում պալստիկ թափոնների շատացման վերաբերյալ

21:00 • 04.05.20

Կորոնավիրուսի համավարակի հետևանքներից մեկը պլաստիկ թափոնների ծավալի մեծացումն է: Բժշկական դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ հանդերձանք. «Քովիդ-19»-ի ճգնաժամը խթանել է այս բոլոր իրերի արտադրությունը, իսկ երկրների կառավարությունները մրցակցում են դրանցով իրենց պահեստները լցնելու հարցում:

Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով բնապահպանների մտահոգությունը, որ այդ պլաստիկ իրերը կզրոյացնեն մոլորակի աղտոտվածության նվազեցմանն ուղղված իրենց ջանքերը: Շրջակա միջավայրի հարցերով մտահոգված մասնագետները նշում են, որ թեև նման իրերի արտադրությունն անհրաժեշտ է, դրանք, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ են թափվելու՝ նոր լուրջ մարտահրավերներ առաջ բերելով:

Պլաստիկ իրերի վերամշակման կամ ոչնչացման հարցը երկրորդ տեղ է մղվել, քանի որ ժամանակակից աշխարհը դիմագրավում է լրջագույն առողջապահական ճգնաժամին: Եվ այդ խնդրի անտեսումը կարող է անլուծելի հարցեր առաջ բերել՝ կապված օվկիանոսների աղտոտվածության մակարդակի հետ:

«Մենք գիտենք, որ պլաստիկ նյութերով աղտոտումը համաշխարհային խնդիր է, որը գոյություն ուներ նախքան համավարակը, սակայն մենք տեսնում ենք արդյունաբերության ոլորտի ջանքերը՝ զրոյացնելու մինչ այս արձանագրված մեծ առաջխաղացումը»,- ասել է Օվկիանոսի պահպանության հարցերով զբաղվող ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ Նիք Մելոսը:  

 

 

Կորոնավիրուսը սպառնում է համաշխարհային օվկիանոսին. բնապահպանները մտահոգություն են հայտնում պալստիկ թափոնների շատացման վերաբերյալ