Պակիստանում հայտնաբերել են 97 մարդու մահվան պատճառ դարձած կործանված ինքնաթիռի սև արկղերը
Փրկարարները հայտնաբերել են Պակիստանի Կարաչի քաղաքում կործանված Airbus A-320 ինքնաթիռի սև արկղերը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով «Պակիստանյան ավիաուղիներ» ընկերության ներկայացուցչին:
«Երկրորդ սև արկղը հայտնաբերվել է երեկ ուշ գիշերով: Մենք փոխանցում ենք այն քննչական կոմիտեին»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչ Աբդուլլա Խանը:
Վերջինս մասնավորեցրել է, որ հայտնաբերվել են ինչպես ինքնագրիչ սարքերը, այնպես էլ օդաչուների խցիկի ձայնագրիչ սարքը:
Հիշեցնենք, որ «Պակիստանյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռը մայիսի 22-ին ընկել էր Կարաչիի խիտ բնակցված շրջանում: Մահացել է 97 մարդ, 2-ին հաջողվել է փրկել:
Ավիավթարի ժամանակ ավերվել էին բնակելի կառույցներ, որոնց փլատակների տակից հաջողվել է դուրս բերել տասնյակ բնակիչների:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը կամ բախումը թռչունների հետ:











