Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են մոտ 110.000-ով. ԱՀԿ
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է մոտ 110 հազարով՝ գերազանցելով 5.1 մլն-ը, մահվան ելքով դեպքերինն աճել է ավելի քան 5600-ով՝ գերազանցելով 333 հազարը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս տվյալները հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Մայիսի 23-ի 12:00-ի դրությամբ՝ ողջ աշխարհում արձանագրվել է 5.103.006 վարակման դեպք և մահվան 333.401 դեպք: ԱՀԿ-ի վիճակագրական տվյալները հաշվի են առնում միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրում են պետությունները:
Նշվում է, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում վարակակիրների թվով (2.282.488): Մեկ օրում նոր դեպքերի քանակը կազմել է 62.221: Մահացածների թիվն ավելացել է 3579-ով՝ հասնելով 135.184-ի:
Եվրոպայում վարակվածների թիվը հասել է 1.987.657-ի, մահացածներինը՝ 172.958-ի: 24 ժամում այս ցուցանիշներն աճել են 21.413-ով և 1631-ով՝ համապատասխանաբար:
Երրորդը վարակվածների առումով Արևելյամիջերկրածովյան տարածաշրջանն է, որտեղ, ընդհանուր առմամբ, վարակման 402.919 դեպք է արձանագրվել, որոնցից 10.806-ը՝ մահվան ելքով:










