Վրաստանում համավարակով պայմանավորված սահմանափակումների գործունեության ժամկետը սահմանվել է մինչև հուլիսի 15-ը

19:29 • 24.05.20

Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունված սահմանափակումների գործունեության առավելագույն ժամկետը հուլիսի 15-ն է:

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում անելով կառավարության մամլո ծառայությանը, իշխանությունները որոշել են չերկարաձգել արտակարգ դրության իրավիճակը, սակայն ուժի մեջ են թողել սահմանափակումների մեծ մասը: «Կարանտինային միջոցառումների և մեկուսացման մասին» որոշմամբ՝ արգելվում է միջազգային նավագնացությունը, ծովային և ավիահաղորդակցությունը:

Արգելվում են միջազգային կանոնավոր չվերթները՝ բացի չարտերայիններից: Արգելվում են երկաթուղային ուղևորափոխադրումները, ինչպես նաև ավտոբուսների և տաքսիների երթևեկությունը քաղաքների և շրջանների միջև:

Ըստ սահմանափակումների՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Արգելվում են բազմամարդ հավաքները, որտեղ 10-ից ավել մարդ կլինի:  

Արգելվում է զանգվածային մարզական միջոցառումների և մրցումների անցկացումը:

Սրճարանները, ռեստորանները կարող են աշխատել միայն առաքում կատարելով, հաճախորդներին տեղում սպասարկելն արգելվում է: Արգելվում է կոշիկի և հագուստի խանութների աշխատանքը:

Կառավարությունից հայտնել են, որ տվյալ սահմանափակումները կարող են չեղարկվել հուլիսի 15-ից, սակայն չի բացառվում դրանց մի մասի չեղարկումն ավելի շուտ: