Կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունն արդեն խեղդվող մարդու նման փրփուրներից է կախվում. համաճարակաբան
Ի սկզբանե մեր երկիրն ուներ բոլոր շանսերը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում լավագույններից մեկը լինելու համար, մենք կարող էինք կառավարելի համաճարակ ունենալ: Ամենայն հավանականությամբ միայն դրսից բերովի դեպքեր կլինեին, եթե ժամանակին վերահսկողություն իրականացվեր սահմանային գոտում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:
Նա աբսուրդային որակեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե 2 շաբաթ տոտալ լոքդաուն լինի, կարող ենք բռնկումների դեմն առնել, ու ասաց, որ այդ հայտարարությունը գիտական հենք չունի. «Մարդկանց ընտրության ի՞նչ շրջանակի մեջ ես դնում, երկու շաբաթով կասեցնում ես ինչը՞, երկու շաբաթ հետո ի՞նչն ես փոխելու: Սա աբսուրդ է, ինքն է անգամ իր բերանով ասել, որ ինֆեկցիայի «պոչերը» հայտնաբերելու գործողություններն արդեն սահմանափակ արդյունք են տալիս»:
Հովհաննիսյանը պարզաբանեց, որ եթե կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում քայլեր չեն ձեռնարվում, սահմանափակումներն ուշացումով են իրականացվում, կառավարությունը թողնում է, որ բազմաթիվ օջախներ գոյանան, ապա օդակաթիլային վարակը վերահսկողությունից դուրս է գալիս: «Համակարգային լուրջ մոտեցում չկա: Նախարարության, Արսեն Թորոսյանի արտահայտություններում, գործողություններում տրամաբանություն չեմ տեսնում: Չինաստանում համավարակը տարածվում էր, իսկ մեզ մոտ միտինգներ էին անում, սահմանը խիստ կերպով չէր փակվում, պատճառաբանում էին, թե բեռնափոխադրումներ պետք է իրականացվեն: Սրանից հետո երկու շաբաթ սահմանափակումները խստացնելը ծիծաղելի է»,-շեշտեց համաճարակաբանը:
Դիտարկմանը, թե մոտ 2 ամիս սահմանափակումները գործում էին, և հիմա դրանց մեղմացումից հետո Թորոսյանը հայտարարում է, որ երկու շաբաթում հնարավոր է բռնկումները կասեցնել, նա պատասխանեց. «Հիմա արդեն խեղդվող մարդու նման փրփուրներից են կախվում: Նորից եմ ասում` սահմանափակող գործողություններն իրենց արդյունքն ունենում են սկզբանական փուլում: Երբ սկզբում թուլացված տարբերակով ես սահմանափակումներ մտցնում, և պետության առաջին դեմքը դուրս է գալիս սուպերմարկետներով շրջելու, ապա պարզ է, որ համաճարակի վերաբերյալ գաղափար չկա»:










