Ոստիկանությունում խոշտանգումների ինկվիզիցիոն ավանդույթները սկսել էինք մոռանալ ու ահա Քաջարանում բռնության դեպք. այս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը. Նաիրա Զոհրաբյան

22:12 • 24.05.20

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Կապանում ընթացող բողոքի ակցիային, հայտնել է, որ չի հիշում օր, երբ բռնության, ատելության ու թշամանքի կոչեր, «սամասուդների ու վենդետաների թեժ լայֆեր, դեպքի վայրից օնլայն մարդաբոյեր չլինեն»:

Պատգամավորը գրել է, որ նախօրեին ինչ-որ «անհասկանալի մարդաբանական տեսակներ» հարձակվել ու հայհոյել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել են խցկվել տուն ու նրանցից մեկը փորձել է պատուհանի միջից հարվածել 7-ամյա երեխային:

«Այսօր Քաջարանում բերման ենթարկված քաղաքացու վրա ակնհայտ բռնության հետքեր կային՝ հին-նոստալժիկ ժամանակների պես, երբ քաղմասում էնքան էին ծեծում ու խոշտանգում, որ մարդն իր վրա էր վերցնում Քենեդու սպանությունը, Դրեզդենի ռմբակոծությունն ու Վան Գոգի «Կակաչների» տրագիկ գողությունը: Ու հիմա ոնց որ արդեն չեմ հիշում օր, երբ բռնության, ատելության ու թշամանքի կոչեր, սամասուդների ու վենդետաների թեժ լայֆեր, դեպքի վայրից օնլայն մարդաբոյեր չլինեն:

Հիմա ինչ՝ մենք ի՞նչ մոդելի պետություն ենք ուզում ունենալ ինքնադատաստանների և 3 միլիոն վարչապետերի հինավուրց օրրանում: Տպավորություն է, որ շատ, ընդհուպ մոտենում ենք Բակունինի կոնցեպտին` պետության «ոչնչացման» և առանց պետության հասարակության ինքնակառավարմանը:
Կարճ ասած` անարխիային»,- գրել է նա:

Զոհրաբյանը նկատում է, որ քաղաքական և իրավական քաշքշուկներում գոնե երեխաներին հանգիստ էին թողնում, որովհետև կար մի «stop», որից այն կողմ ոչ ոք չէր անցնում:

«Քաղմասներում խոշտանգումների ինկվիզիցիոն ավանդույթները սկսել էինք մոռանալ ու ահա Քաջարանի ոստիկանությունում բռնության դեպք: Էս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը: Արագ և ադեկվատ արձագանքներ են պետք թե՛ փաստաբան Տիրգան Աթանեսյանի և թե՛ քաջարանյան բռնարարքի մասով: Ի դեպ, քաջարանյան բռնարարքի դեպքում ոչ թե պիտի ծառայողական քննություն սկսել, այլ անհապաղ քրեական գործ պիտի հարուցել:

Ու, մեկ էլ շատ ապրեն Տիգրան Աթանեսյանի անչափահաս որդիները, որ իրենց տղամարդու պես պահեցին»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը: